Կայացել է «Խելացի երկրների խելացի լուծումները» նորարարական մրցույթի առաջին փուլը, որի ընթացքում մոտ 30 երիտասարդներ ներկայացրեցին 14 նորարարական գաղափարներ: Հիմնական հայտերը ներկայացված էին Երեւանի պետական համալսարանի, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի, Եվրասիա միջազգային համալսարանի եւ այլ բուհերի ուսանողների կողմից:
Առաջին փուլում ընտրվեցին նորարար եւ մրցունակ գաղափարներ, որոնց հիման վրա մասնակիցների ցանկությամբ ձեւավորվեցին աշխատանքային թիմեր: Վերջիններս մինչեւ մայիսի 1-ը պետք է ամբողջացնեն եւ ներկայացնեն ինչպես բիզնես-գաղափարները, այնպես էլ աշխատանքային թիմերի կազմը: Մրցույթի հետագա փուլերի ընթացքում աշխատանքային թիմերը կկազմեն իրենց գաղափարների բիզնես-մոդելները, կմշակեն իրենց բիզնեսի փորձնական նախատիպերը:
Հաղթող թիմերը նորարարության եւ մրցունակության բարձրացման գաղափարների փորձնական նախատիպերը հնարավորություն կունենան ներկայացնելու հունիսի 15-16 կայանալիք ԴիջիԹեք Բիզնես Ֆորումում, ինչպես նաև մայիսի 17-19 անցկացվող Եվրասիա միջազգային երիտասարդական համաժողովում:
Մրցույթի նպատակն է խթանել ՏՀՏ միջոցներով տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացումն ու էլեկտրոնային բիզնեսը: Կազմակերպիչներն են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), Հայաստանի Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Բիզնես Ինկուբատորը եւ Եվրասիա Միջազգային Համալսարանը (ԵՄՀ) և Key Solutions խորհրդատվական ընկերությունը:
Комментариев нет:
Отправить комментарий