Քաղցկեղով հիվանդների սննդակարգում թուրինջի հյութը ավելացնելով ԱՄՆ Չիկագո քաղաքի հիվանդանոցներում հնարավոր է եղել 3 անգամ ուժեղացնել քաղցկեղի դեմ դեղերի ազդեցությունը, ինչը թույլ է տալիս բժիշկներին թուլացնել թունավոր դեղերի չափաբաժինն ու խուսափել տհաճ հետևանքներից, պնդում են ամերիկացի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակված են Clinical Cancer Research ամսագրում:
«Թուրինջի հյութը և դեղամիջոցները համանման ազդեցություն ունեն և կարող են զգալիորեն ավելացնել շատ դեղամիջոցների կոնցենտրացիան հիվանդի արյան մեջ: Երկար ժամանակ այդ ֆենոմենը դիտարկվում էր որպես դեղի չափաբաժնի խախտման հնարավոր պատճառ: Մենք որոշեցինք ստուգել, թե ինչպես կազդի հյութի ընդունումը սիրոլիմուսի (հակաքաղցկեղային դեղ) արդյունավետության և բիոմատչելիության վրա»,- բացատրել է Չիկագոյի համալսարանի գիտաբժշկական խմբի ղեկավար Էզրա Կոհենը:
Գիտնականները փորձի ճշգրտության համար հետազոտվող հիվանդներին 3 խմբի են բաժանել: Առաջին խմբին միայն սիրոլիմուս է տրվել, 2-րդ խմբին դեղամիջոցից բացի միայն մեկ բաժակ թուրինջի հյութ է տրվել, իսկ 3-րդ խումբը ստացել է սիրոլիմուս և կետոկոնազոլ (այլ դեղամիջոցների ազդեցությունը ուժեղացնող հատուկ պրեպարատ) :
Պարզվել է, որ երկրորդ և երրորդ խմբերի հիվանդների օրգանիզմը ավելի լավ է յուրացրել սիրոլիմուսը, քան առաջին ստուգվող խմբի կամավորների օրգանիզմը:
Բժիշկների խոսքով, կետոկոնազոլը դեղամիջոցների ազդեցությունը բարելավել է 5 անգամ, իսկ մեկ բաժակ թուրինջի հյութը սիրոլիմուսի ազդեցությունը բարձրացրել է մոտ 3,5 անգամ:
Միայն օրական մեկ բաժակ հյութի շնորհիվ հնարավոր է եղել դեղի չափաբաժինը նվազեցնել մինչև շաբաթական 16 միլիգրամի:
Բժիշկները պարզել են, որ թուրինջի հյութի նման ազդեցությունը պայմանավորված է նրանում առկա քիմիական ակտիվ նյութերով, որոնք կարողանում են սիրոլիմուսի և այլ հակաքաղցկեղային պրեպարատների մոլեկուլները քայքայող ստոմոքսահյությում եղած ֆերմենտները չեզոքացնել:
Комментариев нет:
Отправить комментарий