пятница, 16 декабря 2011 г.

Քիմ Քարդաշյանը 65 հազար դոլարով գնել է իր կուռքի` Էլիզաբեթ Թեյլորի զարդերից

Ամերիկացի հեռուստաստղ Քիմ Քարդաշյանը ձեռք է բերել ամերիկացի մեկ այլ հայտնի աստղի` Էլիզաբեթ Թեյլորի զարդերից, ում նա համարում է իր կուռքը:

Հիշեցնենք, որ Christie`s -ն արդեն մի քանի օր է, ինչ իրականացնում է հոլիվուդյան հայտնի աստղի զարդերի, հագուստի ու այլ իրերի վաճառք:

Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter-ը, Քարդաշյանը 65 հազ. դոլարով գնել է երեք ոսկե եւ նեֆրիտե ապարանջան: Պարբերականը հիշեցնում է, որ ԱՄՆ-ում հայտնի ընտանիքի այդ ներկայացուցիչը նրանցից էր, ում հաջողվել է հարցազրույց վերցնել Թեյլորից` նրա մահվանից քիչ առաջ:

Քիմն այդ ժամանակ հայտարարել էր, թե Թեյլորն իր կուռքն է: «Միայն թե առայժմ ես չունեմ վեց ամուսին եւ թանկարժեք զարդեր»,- ասել էր նա: Հիմա արդեն Քիմն ունի մեկ նախկին ամուսին եւ իր կուռքի հավաքածուից մի քանի զարդ:

Ինքը` Քիմը, խոստովանել է, որ յուրաքանչյուր լոտի համար իսկական մարտեր են մղվել: Քարդաշյանը եւս պայքարել է դրանք ձեռք բերելու համար, թեեւ եղել են առավել առատաձեռն գնորդներ:

Ընդհանուր առմամբ, Թեյլորի զարդերի վաճառքը բավականին հաջող է անցել. հավաքվել է 116 մլն դոլոր` կրկնակի ավելի, քան կանխատեսվում էր:

Ամենթանկ լոտը եղել է 16-րդ դարի La Peregrina մարգարիտը, որը պատկանել է Մարի Թյուդորին, որը Թեյլորին էր նվիրել նրա ամուսին Ռիչարդ Բերտոնը: Անհայտ գնորդն այն ձեռք է բերել 11,8 մլն դոլարով: 8,8 մլն դոլարով վաճառվել է Բերտոնի մեկ այլ նվերը` «Թաջ Մահալ» ադամանդը:

Միջոցների մի մասը կփոխանցվի ՁԻԱՀ-ի հետ պայքարի Թեյլորի հիմնադրամին:

Комментариев нет:

Отправить комментарий