Մոռացկոտությունից բոլորն են բողոքում` թե՛ տարեցները, և թե՛ երիտասարդները: Ու միշտ էլ մի հարց է հետաքրքրում. կա՞ արդյոք միջոց վերականգնելու երբեմնի հիշողությունը:
Ժամանակակից կյանքն իր կատաղած ռիթմով, մշտական խնդիրներով, առանց ընդմիջման ու արձակուրդի աշխատանքով խիստ բացասական է անդրադառնում մտավոր աշխատունակության վրա: Բժիշկների կարծիքով` հիշողության դեֆիցիտը հաճախ կապված է լինում գերհոգնածության, քրոնիկ քնատության, սթրեսների, սննդի մեջ վիտամինների անբավարարության (հատկապես С, Е և В խմբի, որոնք ազդում են ուղեղի աշխատանքի վրա) հետ: Մարդկային ուղեղին ավելի շատ էներգիա է անհրաժեշտ, քան մեկ այլ օրգանի: Ուղեղն օրգանիզմի ընդամենը 2%-ն է կազմում, սակայն օգտագործում է օրգանիզմի ողջ էներգիայի 25%-ը: Ուղեղն ինքն էներգիա է մշակում` արյան հետ մուտք գործող գլյուկոզան տրոհելով ու ծախսում է այդ էներգիան հիշողության, մտածողության ու զգայարանների աշխատանքի վրա:
Եթե իսկապես ցանկանում եք հավաք ու ուշադիր լինել` հրաժարվեք վատ սովորություններից (ծխախոտ ու ալկոհոլ): Սննդի մեջ հաճախ կիրառեք այնպիսի մթերքներ, որոնք կոփում են նյարդային համակարգն ու դրական զգացմունքներ առաջացնում: Նյարդային լարվածությունը թուլացնող ու տրամադրությունը բարձրացնող բնական հակադեպրեսանտներից են սերկևիլը, արմավը, քաղցր տանձը, բանանը, խաղողը, մանգոն, պանիրը, ռեհանը, նեխուրը, լոլիկը, դդումը: Գիտնականները հավատացած են` եթե մենք սթափ ուղեղ ունենանք, ապա ամեն ինչ իսկույն կընկալենք ու կկարողանանք «մարսել» անգամ ամենատաղտակալի տեղեկությունը: Սնունդը մի հետաձգեք: Նույնիսկ եթե քաղցած չեք, կերեք գոնե թարմ մրգեր կամ էլ ըմպեք մեկ գավաթ քաղցր թեյ` կիտրոնով, իսկ թեթևակի ուտելը կվերականգնի արյան մեջ շաքարի մակարդակը, որը շատ դեպքերում որոշիչ է մեր մտավոր ակտիվության հարցում:
Ցանկացած ֆիզիկական ծանրաբեռնվածություն (առավոտյան մարմնամարզություն, զբոսանք, լող, վազք) բարելավում է ուղեղին թթվածնի մատակարարումը, լիցքավորում էներգիայով: Կարելի է նաև վիտամիններ ընդունել, իսկ դրա համար պետք է իմանալ, թե որ վիտամինն ինչի համար է.
• В1 -ը խթանում է նյարդային գործունեությունը, կենտրոնացնում ուշադրությունը, թուլացնում գրգռվածությունը , վերացնում թուլությունը:
• В 6-ը նյարդային բջիջներին գլյուկոզա է մատակարարում` ապահովելով դրանց հոգնածությանն ու ցրվածությանը հակադրվելու ունակությունը:
• С-ն աշխատունակությունն է բարձրացնում, թուլացնում նյարդային լարվածությունը, ամրացնում իմունային համակարգը, ինչից մեծ մասամբ կախված են մեր տրամադրությունն ու ինքնազգացողությունը:
Հիշողության վերականգնման ու բարելավման համար պատրաստեք «խելացի ըմպելիք» եղեսպակից, որի բաղադրատոմսը հին բժշկարաններից է վերցված: Պարզվում է, որ այդ փրկարար խոտաբույսի տերևները հարուստ են եթերայուղով, որի բաղադրության մեջ պարունակվող նյութերը նպաստում են ուղեղում տեղեկության յուրացմանը: Դրա համար 10 գ չոր հումքի վրա պետք է լցնել մեկ բաժակ եռացրած ջուր: Թրմել սենյակային ջերմաստիճանում կես ժամ, ապա քամել թանզիֆով, ստացվածին եռման ջուր ավելացնել, որ դառնա 200 մլ: Ընդունել օրական 3 անգամ` ուտելուց կես ժամ առաջ: Թուրմը պետք է պահել սառը տեղում, 2-3 օրից ոչ ավելի:
Մոռացկոտության դեմ լավ միջոց են համարվում մարգագետնային երեքնուկի կարմիր ծաղիկները: Դրա համար երեքնուկի թարմ ծաղիկներից թեյ են պատրաստում, իսկ չորացրած ու մանրացրած ծաղիկները կարելի է օգտագործել սննդի մեջ, որպես համեմունք: Այն խթանում է աշխատունակությունն ու մտածելու ունակությունը: Ռեհանի բուրումնավետ յուղն օգտագործվում է լոգանքի ժամանակ, դեմքի մերսման, ինչպես նաև ինհալյացիայի ձևով:
Ուղեղի արյան շրջանառությունը բարելավելուն կօգնեն հատուկ վարժությունները: Աշխատեք դրանք կատարել ամեն օր: Ցանկալի է դրանցից հետո սառը-տաք ցնցուղ ընդունել ու կոշտ սրբիչով շփումներ կատարել:
1.Պառկած կամ աթոռին նստած` տարածեք ձեռքերը աջ, ապա` ձախ ու ճկեք մեջքը: Այս վիճակը 3-5 րոպե է պահպանվում, ինչից հետո թուլացրեք մկանները: Շնչեք հանգիստ ու համաչափ: Վարժությունը պետք է կրկնել 3-4 անգամ:
2. Կանգնել` ոտքերը ուսերի լայնության բացած: Գլուխը դանդաղորեն առաջ հակել (որպեսզի կզակը դիպչի կրծքին) ապա մինչև վերջ հետ գցել (6-10 անգամ):
-դանդաղ գլխով պտույտներ կատարել աջ, ապա` ձախ (5-10 անգամ` յուրաքանչյուր կողմի վրա):
Комментариев нет:
Отправить комментарий