понедельник, 19 декабря 2011 г.

Ամփոփվեցին «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի արդյունքները

Դեկտեմբերի 17-ին Հայաստանի ռոբոտների բաց առաջնության (ԱրմՌոբոտիքս) շրջանակում տեղի ունեցավ «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթի խնդիրն էր խուզարկել հողածածկ տեղանքը, գտնել թաղված ականները, նշել դրանց դիրքերը և ստեղծել հետազոտվող տարածքի էլեկտրոնային քարտեզը: Մասնակցում էին 5 թիմ, որոնք են` «Առնետ», «Միմ», «Ռևոտեք», «Մայմհագր», «Ոզնի»: Ցավոք. որևէ թիմ ամբողջությամբ չկատարեց իր առջև դրված պահանջը, այդ իսկ պատճառով ժյուրին որոշեց սահմանափակվել խրախուսական մրցանակներով:

Շվեցարական ԷյԲիԲի (ABB) ընկերության «Լավագույն ինժեներական լուծում» հատուկ մրցանակին արժանացավ «Ոզնի» թիմը, որի մրցանակն է 200.000 դրամ:

Աղջիկներից ձևավորված «Միմ» թիմը ստացավ «Խիզախության համար» մրցանակը` արժանանալով 100.000 դրամ:

Մյուս 3 թիմերը նույնպես ստացան խրախուսական մրցանակ` յուրաքանչյուրն արժանանալով 100.000-ական դրամ:

«Անցած տարվա նույն մրցույթի համեմատությամբ կարող ենք ասել, որ այս տարի թիմերը կիրառել էին ավելի բարդ տեխնիկական լուծումները»,-նշեց մրցույթի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Մրցույթի ժյուրիի անդամներն են իրանական «Հուրնեթ» ընկերության տնօրեն Արթին Բարսեղյանը, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ՀՊՃՀ /Պոլիտեխնիկ/ կիրառական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Միքայել Հարությունյանը, ՀՊՃՀ մեքենաշինության ավտոմատացման և համալիր մեքենայացման ամբիոնի դասախոս Ստեփան Քրիստափորյանը, «Քեմբրիգ» ընկերության տնօրեն Պատվական Հախինյանը, Ռադիոտեխնիկայի և Կապի ինստիտուտի ներկայացուցիչ Տիգրան Զաքարյանը, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության աշխատակից Մանուկ Շեմշյանը, «ԷյԲիԲի» ընկերության տնօրեն Փայլակ Ղուկասյանը, «Ֆեստո» ընկերության տնօրեն Արմեն Գյոքչյանը և «Փուլ» ընկերության տնօրեն Հրաչյա Մակարյանը:

Комментариев нет:

Отправить комментарий