суббота, 31 декабря 2011 г.

Մոսկվացի ինժեները 82 տարի գնդակը գլխում է ապրել

Մոսկվայի բժիշկները 85 -ամյա ինժեների գլխում գնդակ են հայտնաբերել, որը արդեն 82 տարի տղամարդու գլխի մեջ է: Հազվագյուտ կլինիկական դեպքի վերաբերյալ հոդվածը բժիշկները հրապարակել են New England Journal of Medicine-ում:

Տարեց մարդը կլինիկա է դիմել սրտի հիվանդության գանգատով: Բժշկական հարցման ընթացքում նա պատմել է, որ երեք տարեկան հասակում հրազենային վնասվածք է ստացել` ավագ եղբայրը պատահաբար նրա քթի տակ ատրճանակով կրակել է:

Երեխան մի քանի ժամով գիտակցությունը կորցրել է, սակայն հետո ուշքի է եկել: Նրան զննած բժիշկները հրաժարվել են վիրահատական զննություն անցկացնելուց` գիտակցելով, որ այդ դեպքում ռիսկը ավելին կլինի, քան հնարավոր օգուտը: Ապաքինվելով, տղան ոչ մի ֆիզիկական կամ հոգեկան շեղում չի ունեցել: Նա առողջ է մեծացել, ինժեներական կրթություն է ստացել և զբաղվել է բալեստիկ հրթիռների ստեղծմամբ, ինչի համար` ԽՍՀՄ Պետական մրցանակի է արժանացել:

Վնասվածքը նույնիսկ կոսմետիկ դեֆեկտ չի առաջացրել` քթի ձևը այնպիսին է, որ սպին չի երևում: Այնուամենայնիվ, սրտաբանական կենտրոնի բժիշկները հիվանդին նաև գլխի համակարգչային տոմոգրաֆիա են նշանակել: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրա ծոծրակի ոսկորի մեծ բացվածքի շրջանում գնդակ կա:

Օտար մարմինը չի ճնշել կենսական օրգանները և շրջակա հյուսվածքներում վտանգավոր փոփոխություններ չի առաջացրել:

Հաշվի առնելով օտար մարմնի գանգի խոռոչում գտնվելու սակավ վտանգավորությունը, ինչպես նաև, հիվանդի տարիքը` բժիշկները օտար մարմնի հեռացումը նպատակահարմար չեն համարել: Նրանք միայն զգուշացրել են, որ գլխի մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիան 85-ամյա ինժեներին հակացուցված է, քանի որ ուժեղ մագնիսական դաշտը կարող է տեղաշարժել գնդակը:

Комментариев нет:

Отправить комментарий